Հասարակություն

ՍԱՏՄ-ն Տավուշում քննարկել է սպանդանոցային մորթի կազմակերպման հարցեր

Օրերս սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված հարցերն են քննարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Տավուշի մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողները, ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները:

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է բոլորին. յուրաքանչյուր խմբի տնտեսավարողներն ու ֆերմերները ներկայացրել են խնդիրն իրենց տեսանկյունից. ըստ ֆերմերների և միս իրացնողների՝ մարզում գործող սպանդանոցների հզորությունները բավարար չեն մարզում առկա մորթի պահանջարկը բավարարելու համար:

Խնդրին արձագանքել են սպանդանոցների տերերը՝ հակադարձելով, որ կենդանիներին մորթի չներկայացնելու պատճառով չէր գործում Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը, իսկ մնացածներն էլ գործում են թերի ծանրաբեռնվածությամբ:

Եթե ֆերմերները հրաժարվեն բակային մորթից, ապա սպանդանոցների հզորությունները ոչ միայն կբավարարեն, այլև պատրաստ կլինեն ավելի ակտիվ գործունեության՝ թե՛ սպանդի կազմակերպման, թե՛ կենդանիների տեղափոխման իմաստով (Տավուշի մարզում գործում է 8 սպանդանոց, որոնցից 6-ը՝ ծառայություն մատուցող):Շ

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հորդորել է կենդանիների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում, վստահեցնելով, որ վերահսկող մարմինը խստորեն գործելու է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում. ոչ սպանդանոցային ծագման միսն առգրավվելու և ոչնչացվելու է։ Սպանդանոցի տերերին հանձնարարվել է գործել սանիտարահիգիենիկ նորմերը խստորեն պահպանելով:

Նա մանրամասն տեղեկացրել է ՀՀ կառավարության կողմից ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու և սպանդային կետեր կառուցելու, ինչպես նաև շարժական սպանդանոցներ ունենալու շահավետ հնարվորությունների մասին:

Տնտեսավարողներից մեկը ներկայացրել է շարժական սպանդանոց ձեռք բերելու իր ծրագիրը ու վստահեցրել, որ մոտ ապագայում այն կյանքի է կոչելու:

Այս պահին գործում է նաև Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը: