Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Փյունիկի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։