Հասարակություն

Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 70 ներկայացուցիչների համար, որոնք իրենց բնակավայրերում իրականացնելու են մրցաշարի համայնքային և մարզային փուլերի կազմակերպչական աշխատանքները:

Վերապատրաստումն իրականացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փորձառու մրցավարները և մասնագետները՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման կարգը, դպրոցական բասկետբոլի կանոնները և մրցավարական նրբությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՕՀՊՄ քոլեջ, ողջունել վերապատրաստման մասնակիցներին և հետևել գործընթացին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է լիգայի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման կարևորությունը:

«Խաղային մարզաձևերը, վստահ ենք, երեխաների շրջանում զարգացնում են շատ տարբեր հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն, ինչպես նաև խթանում են առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Խաղային մարզաձևերի զարգացման նպատակով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը մեր քաղաքականության կարևոր մասն է: Ցանկանում ենք իսկապես շատ բարձր որակի մրցաշար անցկացնել, որտեղ ամեն ինչ տեղի կունենա արդարության և ազնիվ խաղի տրամաբանությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկաներին հորդորելով մեծ ուշադրություն դարձնել մրցաշարի կազմակերպման որակին:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև դպրոցների պատշաճ մասնակցության, այդ թվում՝ դպրոցներում թիմերի ձևավորման արդար պայմանների ու երեխաների ընտրության թափանցիկ գործընթացի կարևորությունը. «Բացառապես բոլոր երեխաները պետք է տեղեկացված լինեն մասսայական մրցաշարերի անցկացման մասին, հնարավորություն ունենան փորձելու իրենց ուժերն ու մասնակցելու, իսկ թե վերջնարդյունքում ովքեր կընդգրկվեն դպրոցական թիմերում, կորոշվի մասնագիտական ընտրությամբ։ Նույնը վերաբերում է այլ մարզաձևերից անցկացվող մասսայական միջոցառումներին, «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին: Պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ որևէ երեխա ի սկզբանե դուրս մնա գործընթացից, կամ միայն կոնկրետ մարդիկ իրազեկված լինեն ու կարողանան մասնակցել: Խնդրում եմ նմանօրինակ հարցերին մեծ ուշադրություն դարձնել»:

Նշենք՝ մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն կընձեռվի երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել: Սա, նախարարի խոսքով, արվել է բոլոր դպրոցներին մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով:

«Ցանկանում ենք, որ երեխաները սպորտը դիտարկեն որպես իրենց կյանքի և գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Տեսնում ենք, թե ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունն ինչպես է ազդում դպրոցահասակ երեխաների առողջության վրա: Ձեզ հետ միասին ունենք հանձնառություն՝ խրախուսելու և զարգացնելու մեր երեխաների ֆիզիկական ակտիվությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը կանցկացվեն 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Վերջին՝ եզրափակիչ փուլին, 30 թիմ կմասնակցի: Մրցումների փուլերի անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև մասնակիցների հայտերը ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը:

Մրցաշարի համայնքային փուլը կմեկնարկի 2025 թ. փետրվար-մարտ ամիսներին:

ԵՕՀՊՄ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծանրամարտի նոր վերակառուցված մարզադահլիճում իրականացված աշխատանքներին, քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին: