Հասարակություն

Ոչ միայն Երևանում, այլև մարզերում հնարավորություն ունեն սովորելու չինարեն․ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների և ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է խրախուսել Հայաստանում չինարեն դասավանդողներին ու լեզուն ուսումնասիրողներին։ 2018 թվականից ի վեր ավելի քան 200 ուսուցիչներ և ուսանողներ արժանացել են այս պարգևատրմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման բարելավումը հանրակրթության բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է․ «Ուրախ եմ, որ ՀՀ 17 դպրոցների սովորողները ոչ միայն Երևանում, այլև մարզերում հնարավորություն ունեն սովորելու չինարեն։ Դա հնարավորություն է նաև ուսումնասիրելու և ծանոթանալու Չինաստանի պատմությանն ու մշակույթին: Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը՝ խորացված ուսուցում իրականացնելու տեսանկյունից»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպանատանը` տրամադրած աջակցության և հաջող համագործակցության համար: Նա չինարենի ուսուցումը կարևորել է նաև սովորողների՝ հետագա կրթական գործընթացի շարունակականության՝ Չինաստանի բուհերում սովորելու առումով, ինչն իրականացվում է միջպետական համաձայնագրի շրջանակում:
Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը․

«Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հումանիտար շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը էլ ավելի է սերտանում: Լեզուն կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարեկամության զարգացման և փոխըմբռնման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին, նպաստում փոխըմբռնմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը: Չինարենի ուսուցումը աստիճանաբար ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 5000-ը: Չինարենի դասագրքերի տեղայնացման գործընթացը Հայաստանում հաջողությամբ առաջ է գնում: «Ուրախ չինարեն» դասագրքի երրորդ հատորն արդեն լույս է տեսել հայերենով, ինչը հայ ուսանողներին ավելի մեծ հարմարավետություն է հաղորդում»: