Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել մեծաթիվ պարտքերը. այս խնդրի պատճառները վեր հանելու, պատասխաններն ու լուծման ուղիներ գտնելու համար առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ հանդիպել են թեմայի բոլոր շահառուները, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների, ավտոապահովագրողների բյուրոյի, բժշկական կազմակերպությունների, բժշկական կազմակերպությունների ասոցիացիայի, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները:
«Կառավարության քաղաքականությունն է գործադրել ջանքեր, որ բժշկական ծառայությունները հասանելի լինեն մեր քաղաքացիներին: Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունն այս պահին պարտքեր չունի որևէ բժշկական կենտրոնի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած: Այս խնդիրն անհապաղ լուծել է պետք, ոչ մի դեպքում չպետք է ապահովագրության փոխհատուցումը ստանալու համար պացիենտը դռնեդուռ ընկնի կամ բուժհաստատությունը չկարողանա իր աշխատողների աշխատավարձը վճարել»,- հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է առկա խնդիրների պատճառների վերհանման ուղղությամբ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, այդ թվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու, ԱՊՊԱ կարգավորումներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր առաջարկները ներկայացնել Կենտրոնական Բանկին, ԱՊՊԱ բյուրոյին, Կառավարության գործընկերներին։