ՌԴ ՆԳՆ տրանսպորտային ոստիկանությունից հայտնել են, որ Վնուկովո օդանավակայանում ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը, որն անկարգություն էր արել և հարվածել բորտուղեկցորդուհուն:
«Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը, որն անկարգություն էր կազմակերպել, տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է Վնուկովոյի օդանավակայանում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ հերթապահ ծառայությունը հաղորդում է ստացել, որ Մոսկվա ժամանող ինքնաթիռում կա ագրեսիվ ուղևոր, որը չի ենթարկվում անձնակազմի հրահանգներին։ Ոստիկանները ժամանել են օդանավակայանի վայրէջքի հատված, որտեղ անձնակազմի անդամները մատնանշել են ուղևորին։ Վերջինս թռիչքի ընթացքում ձեռքով հարվածել է բորտուղեկցորդին և չի արձագանքել անձնակազմի նկատողություններին։
«Անկարգ ուղևորը տեղափոխվել է հերթապահ բաժին։ Պարզվել է, որ նա 1982 թվականին ծնված, հեռավոր արտասահմանյան մի երկրի քաղաքացի է»,- ասվում է հաղորդագրությունում։