Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել: Այս հանգամանքով պայմանավորված՝ վթարային, քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ:
«Նոր փոփոխությամբ առաջակում ենք 1 քառակուսի մետրի համար սահմանել 148,050 դրամ՝ գործող 63,400 դրամի համեմատությամբ: Առաջարկվում է նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավելի մասն օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման նպատակով, որի վճարումը կկատարվի ծախսերը փաստացի հիմնավորող փաստաթղթերով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1-ն է: Ծրագրի շահառու 25 ընտանիք: Մեկ այլ որոշմամբ էլ այդ նպատակի համար հատկացել է 150 մլն դրամ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վթարային շենքերը քանդվելու պայմանը. «Այդ շենքերը չեն մնալու, սա սկզբունքային հարց է, եթե այդ շենքերը չեն քանդվելու, եթե այդ երաշխիքը չկա, ապա պետք է չընդունել որոշումը»:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը վստահեցրել է, որ այդ մասին պայմանավորվածություն կա, բնակիչները տեղեկացված են՝ մինչև քանդման ենթակա շենքերից դուրս չգան, փոխհատուցում չի տրվելու: