Հասարակություն

Միրզոյանը խոսել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին

Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով:

Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում կառուցողական ու ներառական երկխոսության ապահովմանը, կազմակերպության նպատակներին համահունչ փոխշահավետ համագործակցության խթանմանը: Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության գործունեության համար կարևոր՝ նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ առաջարկներին ու հետագա հնարավոր քայլերին:

Նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ՍԾՏՀ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչպես նաև փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին տնտեսական փոխկապակցվածությունը բարելավելու կարևորությանը: Վերջինիս համատեքստում շեշտվել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լրակատար հարգման և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա: 

Հանդիպումը նախագահել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ընդունվել են որոշումներ և բանաձևեր, մասնավորապես՝ 2025թ.-ի բյուջեն, կազմակերպության աշխատակազմի կանոնակարգերին վերաբերող փոփոխությունները, ինչպես նաև Զարգացման հիմնադրամի նոր նախագծի վերաբերյալ որոշումները:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել անդամ երկրների ներկայացուցիչներին և ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը՝ նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության և համագործակցության պատրաստակամության համար: