Radar Armenia-ն ներկայացնում է, թե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո այն ժամանակվա քաղաքական դաշտն ինչպիսի արձագանք և գնահատական տվեց կատարվածին։
Եվ այսպես․
- Ոճրագործության օրը ուղերձի փոխարեն գրավոր հայտարարություն էր տարածել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նախ համախմբման կոչ էր արել, ապա ի լուր աշխարհի հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ՝ իրավիճակը կարգավորելու և պատանդներին ազատ արձակելու համար: Ավելի ուշ, իր՝ ուղերձով հանդես չգալը Քոչարյանը պատճառաբանել էր, թե՝ երրորդ օրը ազատվել էր միայն գիշերը և հայտնաբերել, որ սափրված չէ, «վիճակը վիճակ չէ» ելույթ ունենալու համար․ «Չեմ կարծում՝ այդ վիճակում մեծ օպտիմիզմ կներշնչեի մեր ժողովրդին»։
- Այդ օրը ԼՂ իշխանությունները նույնպես շտապեցին դատապարտել կատարվածը՝ ժողովրդին կոչ անելով դժվարին պահին թիկունք կանգնել Հայաստանի նախագահին։
- ԱԺ քաղաքական ուժերը ևս դատապարտեցին խորհրդարանում կատարված սպանդը։
- Մասնավորապես, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը տարածեց հաղորդագրություն, որով պաշտոնապես հայտարարեց, որ Նաիրի Հունանյանը մի քանի տարի առաջ արտաքսվել է իրենց շարքերից և որևէ կապ չի ունեցել կուսակցության հետ:
- Արդեն հաջորդ օրը՝ 1999թ. հոկտեմբերի 28-ին, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի շուրջ համախմբման կոչ հնչեցրեց.
- «Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը՝ կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը։ Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հանրապետությունում լիակատար կարգուկանոն եւ հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ։ Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը՝ մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները, գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների։ Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետականությանը նետված մարտահրավերը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։
- Այդ օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը հայտարարեց, որ ամերիկյան ժողովուրդը, ամբողջ երկիրը զգում են շոկը և վիշտը, զորակցում հայ ժողովրդին նեղ պահին, ապա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին իրեն ընդունելու համար՝ նշելով, որ շատ տպավորված են վերջինիս քաջության, կորովի և վճռականության համար։
- Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ նախագահ Քոչարյանին ցավակցական ուղերձ հղեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինը՝ նշելով, որ դժվար պահին ՌԴ-ի լիակատար համերաշխությունն է արտահայտում հայ ժողովրդին. «Ռուսաստանը հաստատում է իր վճռականությունը՝ այսուհետ ևս զարգացնելու բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում նաև՝ փոխգործակցությունը այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը»։
- Ցավակցություններ հնչեցին ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի, ինչպես նաև Հայաստանում Իրանի դեսպանատան անունից, որում «խոր կսկիծ և ցավ էր հայտնվում տեղի ունեցած տխուր, անսպասելի և անակնկալ պատահարի առնչությամբ»։
- Հոկտեմբերի 28-ին՝ ոճրագործներին խորհրդարանից տանելուց հետո, պատգամավոր Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանը հայտնվել է անկայուն իրադրության մեջ։ Նա կարծիք էր հայտնել, որ ահաբեկիչները «միայնակների մի խումբ է, որը որոշել է մի առաքելությամբ հանդես գալ»․ «Չի զգացվում, որ նրանց ետևում ինչ-որ ուժեր են կանգնած»։
Հայտարարություններով հանդես եկան նաև
- «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության անունից՝ Դավիթ Շահնազարյանը,
- Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անունից՝ Վիգեն Խաչատրյանը,
- «Ազատություն» կուսակցության անունից՝ Հրանտ Բագրատյանը,
- «Արմատ» քաղհասարակության կենտրոնի անունից՝ Բաբկեն Արարքցյանը,
- Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության անունից՝ Խոսրով Հարությունյանը։
- Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն էլ հայտարարեց, թե անհրաժեշտ են համարում հոգևոր, դատական և գործադիր իշխանությունների, միասնական, համատեղ ու համակարգված գործունեությունը՝ երկիրը դուրս բերելու ստեղծված ճգնաժամից։
Պատրաստեց Հայկ Մագոյանը