Շարունակելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակագրությունը՝ Radar Armenia-ն բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվության հիման վրա ներկայացնում է, թե «Հոկտեմբերի 27»-ի օրը ում հետ է խոսել Նաիրի Հունանյանը, ում է զանգել և ում է հանդիպել։
Եվ այսպես․
- 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանդն իրականացնելուց հետո Նաիրի Հունանյանը հայտնվել է ԱԺ ամբիոնի մոտ՝ հրամայելով պատգամավորներին «հանգիստ նստել», ապա դիմել է ժողովրդին․ «Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք»։
- Այնուհետև Նաիրի Հունանյանը հարցրել է. «Ռադիոն աշխատո՞ւմ ա։ Եթեր գնո՞ւմ ա։ Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա, Նաիրին հերդ կանիծի (նկատի ունենալով Տիգրան Նաղդալյանին)»։
- Լրագրողներին դուրս բերելու ժամանակ Հունանյանը հորդորել է շուտ դուրս գալ և «ժողովրդին բերել դեպի շենք»։
- Երբ լրագրող Աննա Իսրայելյանը Նաիրի Հունանյանին հարցրել է, թե ինչի համար էր այս ամենը, նա պատասխանել է, թե «սրանք ժողովրդի արյունը ծծեցին»:
- Ըստ լրագրող Աննա Իսրայելյանի ցուցմունքների՝ Նաիրի Հունանյանը դաշնակցականների նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ՝ նկատի ունենալով, որ Ռոլանդ Շառոյանին և Ռուբեն Հակոբյանին էր առաջարկում օգնել իրեն, որ օպերատորական սենյակներից տեխնիկական աշխատողներին դահլիճ բերեն, նրանց էր դիմում՝ ժողովրդին հավաքվելու կոչ անելու կամ իր պատվիրանները փոխանցելու համար:
- Նաիրի Հունանյանը, դիմելով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին, ասել է. «Համո, դո՞ւ ինչ ունես վախենալու»:
- Նաիրի Հունանյանը հեռախոսով խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ՝ կոչ անելով նախագահի հետ շտապ գան Ազգային ժողով և կանխել հետագա հնարավոր արյունահեղությունը:
- Նա փնտրել է Հայկ Բաբուխանյանին, ապա ասել է. «Սամոյի հետ կապվի Ղարաբաղ, որ խոսամ»:
- Պատգամավորներից մեկի հեռախոսով Նաիրի Հունանյանը կապվել է Ժիրայր Սէֆիլյանի հետ։ Նրան ևս հանձնարարել ասել է՝ «Սամոյի հետ կապվի»։
- Նաիրի Հունանյանը ԱԺ դահլիճից հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հետ։ Ինչպես իր ցուցմունքում պատմել է Մարգարյանը, նա ասել է. «Հրանտ, ես եմ՝ Նաիրին, գրավել ենք Ազգային ժողովը, սպանեցի շանը, և այս պահը պատմական է»։ Հրանտ Մարգարյանին Նաիրի Հունանյանն ասել է՝ «տղաներին վերցրու, եկեք այստեղ»։
- Հունանյանը, դիմելով ԱԺ Կոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Լեոնիդ Հակոբյանին, ասել է. «Պրն Հակոբյան, միշտ ասում էիք՝ մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու։ Հիմա օրը եկել ա։ Կերան, չէ՞, մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»։
- Նաիրի Հունանյանը այն ժամանակվա իշխող «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանին կանչելով իր մոտ՝ կանգնեցրել է իր դիմացը, ասելով, որ կլինի իր վահանը, որպեսզի չկրակեն իրենց վրա։ Նաև կարգադրել էր բոլոր դռների մոտ կանգնեցնել 2-ական պատգամավորներ՝ ներխուժման դեպքում որպես կենդանի վահան:
- Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, վիրավոր Արմեն Խաչատրյանի միջոցով Նաիրի Հունանյանը փոխանցել է. «Մեկը մոտեցավ դահլիճին՝ բոլորը գնդակահարվելու են»։
- Կառավարության հետ այդ հարցուպատասխանին չէին մասնակցում նաև ուժային նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի առիթով Նաիրի Հունանյանը բարձրաձայն ափսոսանք էր արտահայտել․ «Ինչո՞ւ այնտեղ չէ»։
- Նաիրի Հունանյանը նաև Արտաշես Գեղամյանին է փնտրել, որը նույնպես բացակա էր այդ օրը։
- Պատգամավորներից շատերին խնդրել է կապվել իրենց կուսակցությունների ղեկավարների հետ, որպեսզի գան Ազգային Ժողով։
- Պատգամավորներ Հրանտ Ոսկանյանին և Պերճ Բոշնաղյանին խնդրել է, որ գնան, հանդիպեն Ռոբերտ Քոչարյանին և նրան խնդրեն, որ գա Ազգային ժողով։ Նրանք դուրս են եկել ԱԺ դահլիճից։
- Այդ ընթացքում նույնպես շարունակվել են հեռախոսով կապվելու փորձերը Ռոբերտ Քոչարյանի հետ, ժամանակ առ ժամանակ հաջողվել է կապվել Ալեքսան Հարությունյանի հետ
- Այնուհետև Նաիրի Հունանյանը դիմել է ՆԳԱԱ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանին, որ վերջինս կազմակերպի Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը։
- Գրիգորյանը կազմակերպել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի և Նաիրի Հունանյանի հանդիպումը դահլիճի դիմացի միջանցքում:
- Ամբողջ երեկոյի և գիշերվա ընթացքում Նաիրին և հանցախմբի անդամները անընդհատ խորհրդակցել են պատգամավորների և կառավարության անդամների հետ՝ իրավիճակից դուրս գալու և հետագա զարգացումների շուրջ:
- Լուսադեմին ՆԳԱԱ նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպումը։ Հունանյանը Քոչարյանին ասել է, որ նրանք որևէ մեկին սպանելու մտադրություն չեն ունեցել, և այն, ինչ տեղի է ունեցել, ստրեսի, սկսված փոխհրաձգության և, որպես դրանց հետևանք, ինքնատիրապետումը կորցնելու և քաոսային կրակոցներ արձակելու արդյունք է:
- Ըստ իր ցուցմունքի՝ Նաիրի Հունանյանը որևէ պահանջ չի առաջադրել, միայն խնդրել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն հնարավորություն տա ուղիղ եթերով հանդես գալ հայտարարությամբ, նաև՝ երաշխավորի իրենց անվտանգությունը զենքերը հանձնելուց հետո:
Պատրաստեց Հայկ Մագոյանը