Հասարակություն

Նոր Հաճնում՝ շենքի բակում, հայտնաբերվել է 25-ամյա տղայի դի

Դեկտեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ կողքին հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, քրեական ոստիկաններն ու ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 19-ամյա Գ․ Կարապետյանն է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։