Քաղաքական

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ-ից

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։ 

Հաստատվել են կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, վարչության որոշմամբ՝ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 

Դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ասլանյանը կհեռացվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Նրա խոսքով՝ տեղի էր ունեցել խմբակցության նիստ, որի ժամանակ հնարավոր չէր կուսակցությունից պատգամավորին հեռացնել։ 

«Կուսակցությունից կարող է հեռացնել վարչությունը, ինչի մասին վարչության անդամները կխոսեն լրացուցիչ»,- ասել էր Հովհաննիսյանը։ 

Հակոբ Ասլանյանը չէր մեկնաբանել խմբակցությունից իրեն հեռացնելու որոշումը՝ ասելով՝ «No comment, ասացի՝ no comment, ի՞նչ եք ուզում, նորից կրկնե՞մ, ասացի՝ no comment»։