Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։
Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ։ Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ` Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Հարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։