Հասարակություն

Հայաստանում 10 տարեկանների մեկ քառորդը չի կարողանում կարդալ. ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրությունը» զեկույցը, որում անդրադարձ կա նաև կրթական համակարգին։

Համաձայն զեկույցի, պաշտոնապես նախատեսված 11,3 տարվա կրթությունից փաստացի արդյունավետ ուսուցումը կազմում է 8 տարի, ինչը կազմում է 33% ուսման բաց:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում 10 տարեկան երեխաների մեկ քառորդը կարդալ չի կարողանում:

2022 թվականին 3-5 տարեկան երեխաների 63%-ն է ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ:  Այդ առումով ընդգրկվածությունը 2022 թվականին կազմել է 66,3%, ինչը ցածր է՝ համեմատած Էստոնիայի, Վրաստանի և ԵՄ-ի միջին ցուցանիշների հետ։ Հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի բարձր հաջողություններ են ցուցաբերում մաթեմատիկայի, տրամաբանության և գրագիտության մեջ։

Զեկույցում ուշադրություն է դարձվում նաև աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխկապվածությանը: Գործատուները նշում են աշխատողների որակավորման պակասը, ինչը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: