Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովն ընթանում է Հայաստանում։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։
«Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման և համատեղ լուծումներ գտնելու համար։
Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը ցանկացած պետության համար առաջնային է, քանի որ այն հասարակության կայուն զարգացման հիմքն է և դրա պահպանումը երաշխավորում է բոլորիս բարեկեցությունը»,- համաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ համաժողովի մեկնարկը հատկանշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առողջապահական տարբեր ուղղությունների մասին խորը և հագեցած երկխոսությամբ` տնտեսության մեջ առողջապահության դերի ձևափոխման, թվայնացման, նորարական տեխնոլոգիաների կիրառման թեմայով։
«Ամենամյա համաժողովը մեզ համար ոչ միայն փորձի փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն` փոփոխելու ոլորտի զարգացման վեկտորը. դրա մասին են վկայում ուռուցքաբանության և մի շարք այլ ոլորտում ծավալվող համագործակցությունը»,- նշել է Միխայիլ Մուրաշկոն։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Համաժողովի երկրորդ հատվածում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով` նվիրված «Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում» թեմային և ներկայացրել Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի վերջին ցուցանիշները և իրականացվող պետական ծրագրերը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։
Համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանն իր խոսքում կարևորել է նման համաժողովների անցկացումը կենտրոնում` մասնագիտական փորձի փոխանակման և ոլորտի նորարար լուծումների կիրառման առումով։
Երկու երկրների մասնագետների զեկույցները նվիրված են եղել ծննդօգնությանը, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտում կիրառվող նորարարություններին, մանկական ուռուցքաբանության ոլորտի հեռանկարներին և այլ թեմաների։
Համաժողովի ավարտին հյուրերը շրջայց են կատարել Շենգավիթ բժշկական կենտրոնի Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: