Հասարակություն

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժին

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժին. այս մասին հայտնել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:

Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ «ԳՈՒՄ»-ի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է։