Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է. «Հենց սա էլ ստիպել է մտածել այս նախագծի մասին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»: Ըստ նախարարի՝ շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք», - ասել է նախարարը:
Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: «Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով և նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը: Եվ կարևորը նախապայմանը՝ ֆորմալ զբաղվածությունն է, այսինքն՝ առանց աշխատանքի իրենք չեն կարող դառնալ այս համակարգի շահառու»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր որոշում է, սակայն հայեցակարգային խնդիր կա: «Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խորը պրոբլեմներ կան մեր հանրության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:
Ծրագրի արդյունավետության համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է իրազեկման հարցը և հանձնարարել պատասխանատուներին քննարկել և գտնել տարբերակ, թե ինչպես հնարավոր կլինի ծրագրի շահառուներին անձնապես որոշման մասին տեղեկացնել:
Նարեկ Մկրտչյանի խոսքով, իրազեկման հատվածը ծրագրի իրականացման ամենակարևոր հատվածներից մեկն է, այս ուղղությամբ նաև իրազեկման տեսահոլովակներ են պատրաստվում, որոնք ակտիվորեն կտարածվեն: