Հասարակություն

Հայտնաբերվել են հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր

Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։

Պարեկները հետապնդել են, մի քանի անգամ հորդորել վարորդին, որ կանգնի, սակայն նա շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավապահներին հաջողվել է Անդոկավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնել մեքենան։ 34-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է, որ հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։

Սյունիքի պարեկների և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ տղամարդիկ խոստովանել են, որ հետապնդման ժամանակ մեքենայից նետված փաթեթները պատկանում են իրենց և դրանց մեջ տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք Հայաստան-Իրան միջպետական սահմանի փշալարերի վրայով նետելու եղանակով իրենց է փոխանցել Իրանի քաղաքացին:

Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 10-ին Մեղրիից Քաջարան տանող ճանապարհի հարակից ձորում Սյունիքի պարեկները հայտնաբերել են մեքենայից նետված փաթեթները, որոնցում շուրջ 3 կգ 981 գրամ մարիխուանայի, շուրջ 5 կգ 474 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և մեթադոն տեսակի 2000 դեղահաբեր էին:
Կատարվում է քննություն։

Տեղին է նշել, որ թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարն ամենօրյա է։
Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը ոչ միայն բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են, այլև՝ հանցածին երևույթ:
Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, խեղված ճակատագրեր՝ որպես այս հանցավոր և մերժելի երևույթի հետևանք։ Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո առերեսվում դառը իրականությանը, հասկանում, որ կատարվել է անդառնալին:

Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության իրավական հետևանքների մասին բազմիցս խոսել ենք, ներկայացրել ոստիկանության բացահայտումներն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Ներկայացվող դեպքն էլ յուրատեսակ հնարավորություն էր՝ անդրադառնալու հանցավորության այս տեսակին, որն անդրազգային բնույթ է կրում։
Անցնող տարում Պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության 1713 դեպք։
Իրավապահների արդյունավետ աշխատանքի վկայությունն են նաև հնչեղություն ստացած մի շարք դեպքեր։

Հանցավոր և հանցածին այս երևույթի դեմ ոստիկանության հետևողական աշխատանքը շարունակվում է։