Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ ընկերության կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող 171 ավտոբուսներով՝ Երևանի տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Նախատեսվում է ներկրել Zhongtong մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ 171 միջին դասի ավտոբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի 67 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը ևս 8-ով, միաժամանակ, ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 20,4 մլն ուղևորով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6,3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ՝ 391 հզ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026թ․ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել 1878-ի՝ 407 հզ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։