Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։
Հանդիպմանը Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության և արձանագրված արդյունքների մասին։ Այս առնչությամբ Լուիս Օկամպոն կարևոր նկատել է Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ COP29-ի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն գերեվարվածների տունդարձի և Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքի նախաձեռնության համար։
Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձել է տիար Օկամպոյի ներդրած ջանքերին՝ ի խնդիր արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրազեկման՝ գործադրելով միջազգային իրավունքի ոլորտում իր փորձն ու հեղինակությունը։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին ևս կարելին ի գործ է դնում միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական հարթակներում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման, հայրենազրկված արցախահայերի իրավունքների պաշտպանության, գերության մեջ պահվող ու անհայտ կորած հայորդիների, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում և Միջին Արևելքում զագացող մտահոգիչ իրադարձությունների առնչությամբ։