«Երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանումը, խնդիրների ժամանակին վերհանումը բարդ և միևնույն ժամանակ շատ անհրաժեշտ գործընթաց է, հատկապես` հետպատերազմյան երկրներում»,- այս համատեքստում կարևորելով միչգերատեսչական համագործակցությունը՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի գրասենյակի «Հետպատերազմյան համատեքստում հայ երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի» ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին Արմեն Գասպարյանը կարևորել է վերապատրաստումների, իրազեկման սեմինարների կազմակերպումը բուժաշխատողների, մասնավորապես՝ առողջության առաջնայի պահպանման օղակի բժիշկների համար։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ԱԱՊ օղակը առաջիններից մեկն է, որ առնչվում է երեխաների հետ և տեղի մասնագետները պետք է անընդհատ թամրացվող գիտելիքներով պատրաստ լինեն՝ ժամանակին խնդիրները հայտնաբերելու ու համապատասխան բուժօգնություն տրամադրելու, ուղղորդելու համար։
Մասնագետները վստահ են՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ նման ծրագրերի շարունակական իրականացումը շոշափելի արդյունք կտա երեխաների հոգեկան առողջության պահպանման կարևոր գործում։