Հասարակություն

Դավիթ Խուդաթյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել են իրականացվող հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։
Այնուհետև այցելել են Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավիրված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:

Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ նախարարը մաղթել է, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում:

Թվով 4 բնակելի տները կառուցվել են ՀՀ Կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Նախարարը շրջել է բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին:

Գեղարքունիքի մարզում Խուդաթյանն այցելել է նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով: