Հասարակություն

Դպրոցներում ներկայացվել է ազգային փոքրամասնությունների պատմությունն ու մշակույթը

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը Հայաստանի հանրակրթական դպրոցների համար մշակել է «Մշակութային բազմազանություն» բովանդակությամբ ծրագիր-ուղեցույց, որի շրջանակներում նոյեմբերից իրականացվում են համադպրոցական միջոցառումներ: Նպատակն ազգային փոքրամասնությունների պատմությունն ու մշակույթը, ավանդույթները, խոհանոցը ներկայացնելն է, միմյանց ավելի լավ ճանաչելը: 

Խնդիր էր դրվել դպրոցներում իրականացնել տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ներգրավելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Մինչև միջոցառումների պլանավորումը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մասնագետները խորհրդատվությունների միջոցով դպրոցներին ուղղորդել են ինչ և ինչպես կազմակերպել: Սկզբում ընտրվել էին 5 մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք) այն դպրոցները, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտներ կան:

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանի խոսքով՝ մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, խնդիրը միմյանց մշակույթները ներկայացնելու հնարավորություններ ստեղծելն է: 

«Մեզ համար շատ կաևոր էր, որ դպրոցներն այս նախաձեռնությունը վերցնեն և շատ ակտիվ մասնակցեն, բովանդակային և հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, ու այդպես էլ եղավ, նույնիսկ սպասվածից ավելի լավ ստացվեց. մեծ ակտիվություն է, ճանաչողական միջոցառումներ են իրականացվում Հայաստանի գրեթե բոլոր մազերի դպրոցներում»,- նշել է Թորոսյանը: 

Օրինակը վարակիչ է եղել և կրթական մի շարք հաստատություններում միջոցառումներն իրականացրել են դպրոցների միջև հանդիպում-այցերի ձևաչափով՝ ամեն մեկը ներկայացրել է իր մշակույթն ու խոհանոցը: 

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության և հարգալից վերաբերմունքի ձևավորման նպատակով իրականացված միջոցառումների համար դպրոցները տարբեր խորագրեր են ընտրել՝ «Ազգային մշակույթի գունապնակ», «Մի տանիքի տակ»,«Միջմշակութային երկխոսություն», «Գրքերի կամուրջ՝ մշակույթների միջեւ», «Մշակույթների առցանց կամուրջ», «Ազգապահպանությունը մշակույթի մեջ է» և այլն: 

«Դուք գիտեք, որ այս տարի հայտարարվել էր մշակութային կրթության տարի, իսկ մշակույթը և՛ դրսևորվելու, և՛ միմյանց ճանաչելու լավագույն միջոցներից է: «Մշակութային բազմազանություն» ծրագիրը կշարունակվի միչև տարեվերջ, և հույս ուենք, որ 2025-ին ինքնաարտահայտվելու, իրար ավելի լավ ճանաչելու նոր ծրագիր կմեկնարկի»,- ասել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը: 

Միջոցառումներն իրականացրել են հիմնականում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքեի մարզերի 104 դպրոցներում: Միացել են նաև Շիրակի, Տավուշի մարզերի դպրոցները, անգամ ընդգրկել են անձանց, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, բայց ապրում են Հայաստանում ու հաճախում ՀՀ հանրակրթական դպրոցներ, օրինակ՝ հնդիկների, արաբների, իրանցիների, լիբանանցիների և այլն:

Միջոցառումներն ունեն շարունակական բնույթ: Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններին ներկայացնող միջոցառումներ են նախատեսված նաև մյուս մարզերում և Երևանում: