Կառավարությունը հաստատել է Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն իսկ 4 ուղղություններով (ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ) մեկնարկել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Վերապատրաստման գործընթացը ավարտվել է, իսկ ատեստավորումը իրականացվել է նոյեմբերի 30-ին: Ատեստավորման արդյունքում ներքոնշյալ արդյունք ցուցաբերած մանկավարժները համապատասխան որոշման նախագծի կստանան հավելավճարներ՝ ատեստավորման 90-100 տոկոս, ատեստավորման 80-89 տոկոս, ատեստավորման 70-79 տոկոս:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ 4 ուղղություններով վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող. արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Բայց, ըստ նախարարի, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։ «Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես, 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 տոկոսի պարագայում՝ 30 տոկոս հավելավճար, 80-89 և ավելի տոկոսի պարագայում ՝ 40 տոկոս հավելավճար, և 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ արդեն 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին: Հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում և այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ատեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսվել է, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը։ «Նաև այս կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը։ Տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով. տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալ: Նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։ Եվ որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում մենք կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր կադրերով, և կբարձրացնենք աշխատանքի գրավչությունը»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։
Որոշման հետ կապված վարչապետը նշել է, որ սկզբունքորեն իրականացվող բոլոր գործողությունների արդյունքում այս տարի և մյուս տարի մոտ 200 տոկոսի հավելավճարի բարձրացում կարող է տեղի ունենալ: ԿԳՄՍ նախարարն արձագանքելով՝ նշել է, որ պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև տարեվերջ կհրապարակվի փաստացի, թե ինչպես է փոխվում ուսուցիչների աշխատավարձը, և ընդգծել, որ մինչև 200 տոկոս բարձրացումը բավականին հավանական է:
Որոշման շրջանակում ներառվել են նաև քոլեջները: Վարչապետն այն համարել է շրջադարձային կետերից մեկը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, որը պլանավորվել է կրթության ոլորտի մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության մեջ: «Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաև հաշվի առնելով տվյալ մարզի սպեցիֆիկային աշխատանքի շուկայի առանձնահատկությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ներքին միգրացիոն հոսքերի տրամաբանությամբ շատ դեպքերում մարզերից միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում:
Վարչապետի խոսքով՝ մարզերում, խոշորացված համայնքներում անհրաժեշտ է զարգացնել քոլեջների համակարգը, որն ի սկզբանե նախագծված լինի այնպես, որպեսզի մարզի այն բնակիչը, ով կցանկանա այդ կրթությունը ստանալ, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա: «Այսինքն՝ մեր ռազմավարության առաջնային նպատակն այն է, որ ուսանողը տեղում քոլեջում սովորի և հաջորդիվ՝ հենց տեղում հնարավորություն ունենա աշխատել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարն այս որոշումը կարևորել է նաև Կառավարության ռազմավարության տրամաբանությամբ՝ համակարգի լոկոմոտիվը, տանող ուժը դասախոսական կազմն է, որի զարգացման շատ կարևոր խթան է այսօր սահմանվում:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, թե իրականացված որոշակի քայլերի արդյունքում քոլեջներում ընդունելության ինչպիսի ցուցանիշներ են գրանցվել: «Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Նաև շղթայական ցույց տամ, թե մեր վերջին մի քանի քայլով համակարգում արդեն որակապես զարգացման ինչպիսի ցուցանիշներ ունենք. մասնավորապես՝ նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերական ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որոնք ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտները: Եվ այստեղ ուսանողներն ընդունվելու պարագայում ամսական 50 000 դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Եվ մենք տեսնում ենք արդեն երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններում, և պետք է ասեմ, որ արդեն իսկ մենք ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 000 ուսանող: Եվ այս տարվա ընդունելությունն եղել է ավելի քան 14 000-ը: Կարելի է ասել, որ բուհերին համեմատ ընդունելություն ենք իրականացրել: Ու հատկապես ուրախացնում է, որ գերակա ուղղություններով մեր արհեստագործական կրթական ծրագրերում սովորողներն էապես աճել են: Հիմա մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերի համար, որտեղ տարիներ շարունակ նույնիսկ անվճար տեղերը չէին համալրվում բավարար դիմումների քանակ չունենալով: Համակարգի զարգացման համար ևս մի կարևոր քայլ էր տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը: Մենք նման տարբերակ ունենք դպրոցների պարագայում, քոլեջներում ևս ուսանողներին այդ հնարավորությունն ընձեռելով մենք տեսնում ենք, որ սա նաև գյուղերում բնակվող երեխաների համար ավելի հասանելի է դարձել, օրինակ, մոտ քոլեջ գնալ, սովորել և հետ գալը: Եվ այդ իմաստով նույնպես դրական տենդենց ենք տեսնում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետն այս համատեքստում կարևորել է կատարված աշխատանքի պատշաճ ներկայացումը հանրությանը, որը խոսում է ռազմավարական կոմունիկացիայի պրոբլեմի մասին:
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է նաև հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։ «Այսինքն՝ ստանում ենք 500 հազար դրամ աշխատավարձ և դրանից 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարենք։ «Կեղտոտն» այն է, որ եկամտային հարկ ենք վճարում, ու այստեղ հարկի նկատմամբ դա վերաբերմունք է արտահայտում։ Հետո էլ այստեղից հարկ վճարելու նկատմամբ է վերաբերմունքն ձևավորվում: Աշխատավարձի եկամտային հարկը գնում է բյուջե, այդ թվում ծառայում, օրինակ՝ այդ նույն քոլեջի, ճանապարհի, տանիքի կառուցմանը: Սա ընտանեկան բյուջեի տրամաբանության շատ վառ և պատկերավոր արտահայտությունն է: Այդ ձևակերպումներն արտահայտում են ընդհանուր առմամբ մեր մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը: Սա էլ է պետության և ապապետության արանքում, ինչպես՞ կարող ես դու քո պետության համար գումարի մասհանումն այդպիսի վերնագրի ներքո ներկայացնել և նման բառապաշարով ներկայացնել: Բայց մենք դա անում ենք»:
Վարչապետը նշել է նաև, որ սա ևս պրոբլեմի արտահայտություն է, բայց նաև պրոբլեմի պատճառ է։ Նա ընդգծել է այդ խնդիրների գույքագրումն ու օրակարգի հարց դարձնելու անհրաժեշտությունն ուն կարևորությունը։