Հասարակություն

Կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց

Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Ըստ հիմնավորման՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։

Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։

Արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր իսկ կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։

Բացի այդ, հուշարձանների մեծ մասն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում, ուստի արգելոցների ստեղծման պարագայում իրականացվում է հանրահռչակման աշխատանքներ և դրանք ընդգրկվելու են զբոսաշրջային երթուղիներում։ Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան նոր ուղղություններ։