Հասարակություն

ԱՆ-ն պարզաբանել է՝ ինչու դեռ չի բաշխվել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռք բերման վերաբերյալ։

«Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում` սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:

Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումն ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:

Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը»,- հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։