ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ:
Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն ընդգծել է Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը: