Հասարակություն

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է «Անապատացման դեմ պայքարի» համաժողովին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Սաուդյան Արաբիայում կայացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 16-րդ Կողմերի համաժողովին:

Համաժողովը կմիավորի աշխարհի տասնյակ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քննարկելու անապատացման և հողերի վերականգնման գլոբալ մարտահրավերները: Հիմնական նպատակը համաշխարհային ջանքերի միավորումն է՝ դեգրադացված հողերի վերականգնման և երաշտին դիմակայելու ռազմավարությունների մշակման ուղղությամբ:

Հայաստանը ակտիվ դերակատարություն ունի այս գործընթացում՝ ստանձնելով հստակ պարտավորություններ: Մասնավորապես, կառավարությունը նպատակ ունի մինչև 2040 թվականը վերականգնել 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները՝ ավելացնելով դրանք ներկայիս մակարդակից 2,8%-ով:

Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել միջազգային համագործակցության ուղղությամբ: 2023 թվականին Երևանում անցկացվել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի նիստ, իսկ 2024 թվականին երկիրը հյուրընկալել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ազգային համակարգողներին՝ քննարկելու կոնվենցիայի հիմնական որոշումների նախագծերը:

Սույն համաժողովին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, նպատակ ունի ներկայացնել երկրի դիրքորոշումը և մասնակցել համընդհանուր բնապահպանական ռազմավարությունների մշակմանը. հայտնում են նախարարությունից։