Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել: