Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։
«Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և պետք է կատարվեն որպես այդպիսին, զուգահեռաբար առավել շատ կենտրոնացումը պետք է լինի ինստիտուցիոնալ լուծումներին, որպեսզի մեխանիզմը կայուն լինի և հետագայում շատ ավելի դրական արդյունքներ նախարարությունը և հանրությունը կարողանա արձանագրել պրակտիկ գործունեության շրջանակներում», - նշել է Արփինե Սարգսյանը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նախարարության ու ենթակա ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանդես են եկել որոշ առաջարկություններով, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։
Հանդիպման ավարտին Արփինե Սարգսյանը կարևորել է բարեփոխումների տարբեր ուղղություններով աշխատանքային և մասնագիտական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում ներուժի մեկտեղման հնարավորությունները։