Հասարակություն

Սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու մարմին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 73-ամյա Խաչիկ Սահակյանն է։

Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։