Հասարակություն

Սուրեն Գրիգորյանն ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորությունը

Արդարադատության նախարարությունում  և Երևանի քաղաքապետարանում միաժամանակյա ընթացող 2 վերապատրաստմամբ այսօր ավարտվել է ազդարարման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը։ Վերապատրաստմանը մասնակցել են մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ավելի քան 600 ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության առաջնահերթ ուղղություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, և այս համատեքստում մեծապես կարևորվում է ազդարարման համակարգը։  Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ շուտով  կամփոփվի արշավի մեկամյա շրջափուլը, որի ընթացքում արդեն իսկ գրանցվել է ազդարարումների ավելի քան 200 տոկոս աճ:

Արդարադատության նախարարությունում իրականացված վերապատրաստման դասընթացների մասնակիցներին Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում ազդարարման ինստիտուտի նշանակությունը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորությունը և նախարարության՝ այս ուղղությամբ իրականացրած միջոցառումների արդյունավետության բարձր մակարդակը:

Արշավի համակարգող Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է ազդարարման համապետական արշավի արդյունքները՝ նշելով, որ 2024 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ազդարարումների ամսական ամենաբարձր ցուցանիշը՝ 40 ազդարարում՝ նախկին 2-5-ի փոխարեն (վիճակագրություն՝ https://azdararir.am/am/statistics):

Լիանա Թովմասյանը փաստել է, որ ազդարարումների որակական ցուցանիշները ևս շեշտակի աճել են. 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին հարթակ ներկայացված ազդարարումների 57.71 տոկոսը ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցով:

Ծրագրի շրջանակում ընթացող իրազեկման և կրթական միջոցառումների ընթացքում մասնակիցներին է ներկայացվել ազդարարման ինստիտուտը, ազդարարման տեսակները և ազդադարներին պաշտպանության միջոցները, ազդարարման միասնական հարթակից օգտվելու եղանակները: Ընդհանուր առմամբ իրականացվել է 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի:

Վերապատրաստումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից: