Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը»:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝
1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր
2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս
3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:
Նախատեսված պահանջների խախտման համար կկիրառվեն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:
Վարչապետն անդրադառնալով որոշմանը՝ նշել է, որ սա այն որոշումներից է, որ քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, քանի որ հանրապետությունում կան վարորդներ, որոնք նաև ձմեռն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: «Այո, մենք պետք է այս որոշումը կայացնենք, ծա՞խս է բերելու մարդկանց՝ այո, ծախս է բերելու: Անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալո՞ւ են՝ այո, լավանալու են: Լինելո՞ւ են շահարկումներ՝ այո, լինելու են շահարկումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է գնալ այս ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է սանկցիան այս կանոնը խախտելու պարագայում:
Դավիթ Խութադյանն ի պատասխան հայտնել է. «Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ»:
Մհեր Գրիգորյանն առաջարկել է խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում կարգավորումը չի աշխատելու:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով նախնական քաղաքական ուղերձ է հղվում՝ վարքագիծ փոխելու, որտեղ տուգանքը համարժեքության առումով ավելի շատ սիմվոլիկ է, այնքան էլ ծանրակշիռ չէ, բայց մեկնարկի համար՝ տրամաբանական լուծում է: