Հասարակություն

Ականջակալներ կրելու համար Քոչարյանին նկատողություն հայտարարվեց

Դատավարության ժամանակ, երբ դատախազները նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն էին ներկայացնում, այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանը նկատողություն արեց Ռոբերտ Քոչարյանին ականջակալներ կրելու համար։ Ըստ դատավորի, սա դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է։

Քոչարյանի պաշտպանները բողոքեցին դատավորի գործողությունների կապակցությամբ՝ համարելով անօրինական։ Դրանից հետո դահլիճում իրավիճակը լարվեց։

«Հարգելի դատարան…հարգելի բառը ստեղ ընդհանրապես օգտագործելի չէ։ Ձեր ենթադրությունը ձեզ պահեք, դուք չգիտեք՝ ես ինչ էի անում։ Դուք ասում եք՝ ենթադրում եք վիդեո էի նայում...»,- առարկեց Քոչարյանը՝ նշելով, թե չի հասկանում՝ ինչ իրավունքով են իրեն դիտողություն անում։

Հիշեցնենք՝ այսօր «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեց։