Radar Armenia-ն շարունակում է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների հիման վրա ներկայացնել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված ուշագրավ պահերը։
Այդ օրը խորհրդարանում ինչպե՞ս տեղի ունեցավ ոճրագործությունը։
Ինչպես նախորդ հրապարակման մեջ ենք ներկայացրել, Նաիրի Հունանյանը, նրա քեռին ու եղբայրը՝ Կարեն Հունանյանը, հոկտեմբերի 27-ին, ինքնաձիգներով մտել են ԱԺ։
- Նաիրի Հունանյանը իր մոտ գտնվող թղթապանակը տվել է Նաիրի Բադալյանին։
- Նաիրին, Վռամը և Կարենը վազելով մտել են նիստերի դահլիճ:
- Առաջինը ներս մտնելով՝ Կարեն Հունանյանը կրակ է բացել։ Դա տեղի է ունեցել մինչ Նաիրիի ներս մտնելը։
- Նրանց ներս մտնելուց 2 րոպե հետո նիստերի դահլիճ են մտնել Դերենիկ Բեջանյանը և Էդիկ Գրիգորյանը։
- ԱԺ դահլիճի վերին ձախ անկյունից և նախագահության կից դռան մոտից, հավանաբար թիկնապահների կողմից արձակված կրակոցների արդյունքում, սկսվել է խառը և անկանոն փոխհրաձգություն:
- Նաիրի Հունանյանը նույնպես կրակոցներ է արձակել տարբեր ուղղություններով 10-15 րոպե։
- Այնուհետ Դերենիկ Բեջանյանը կրակում է դեպի ԱԺ նախագահի հանգստյան սենյակը տանող միջանցքի ուղղությամբ:
- Նաիրին քարտուղարության սեղանի մոտից կրակել է նախագահության կից դռան ուղղությամբ, որտեղից կրակոցներ էին գալիս։
- Նաիրի Հունանյանը վազել է նախագահություն՝ մտածելով ռադիոյով կոչ անել ժողովրդին:
- Ապա Նաիրին վազել է ժուռնալիստների կողմը, նրանց ուղեկցել է մինչև դահլիճի դիմացի մեծ միջանցքի մեջտեղը և վազելով եկել քարտուղարության սեղանի մոտ:
- Նաիրի Հունանյանը Հայկ Բաբուխանյանին ասել է. «Սամոյի հետ կապվի Ղարաբաղ, որ խոսամ»: Բաբուխանյանը հայտնել է, որ չի միանում։
- Պատգամավորներից մեկը հեռախոսը տվել է Նաիրի Հունանյանին՝ ասելով․ «Ժիրոն է», նկատի ունենալով Ժիրայր Սէֆիլյանին։ Հեռախոսը վերցնելով՝ Նաիրի Հունանյանը նրան էլ է ասել․ «Սամոյի հետ կապվի», որից հետո տվել է քարտուղարության քաղաքային համարը:
- Նաիրի Հունանյանը պատվիրել է զանգել նաև ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանին. «Հրանտ, ես եմ՝ Նաիրին, գրավել ենք Ազգային ժողովը, սպանեցի շանը, և այս պահը պատմական է»։ Հրանտ Մարգարյանին Նաիրի Հունանյանն ասել է՝ «տղաներին վերցրու, եկեք այստեղ»։
- Պատգամավորներին ու նախարարներին կանգնեցրել են դռների մոտ՝ որպես կենդանի վահան։
«Նաիրին ինձ կանչեց անունով, կանգնեցրեց իր դիմաց՝ ասելով, որ ես կլինեմ վահան, որ իրեն չխփեն, ձեռքին ատրճանակ էր, պահել էր վրաս, իսկ հետևի կանգնածը ավտոմատով հաճախ կրակահերթ էր արձակում դեպի դիմացի պատուհանները կամ պահում էր իմ վրա: Ինձ ասացին, որ բոլոր դռների մոտ կանգնացնեմ 2-ական պատգամավոր»,- իր ցուցմունքում գրել է Անդրանիկ Մարգարյանը:
- Նաիրիի՝ քարտուղարության սեղանի մոտ գալու հիմնական նպատակը նախագահի հետ կապվելն էր, որ գա ԱԺ:
- Նաիրին խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ։
- Հանցախմբի մյուս անդամները փակել են դռները, որպեսզի դրսից եկող զինված մարդկանց հետ նոր ընդհարումներ, փոխհրաձգություն և նոր զոհեր չլինեն:
- Նաիրի Հունանյանը պատգամավորներին խնդրել է կապվել իրենց կուսակցությունների ղեկավարների հետ և կոչ անել գալ Ազգային ժողով:
- Պատգաամվորներ Հրանտ Ոսկանյանին և Պերճ Բոշնաղյանին խնդրել են, որ գնան հանդիպեն նախագահին և նրան խնդրեն, որ գա Ազգային ժողով:
- Շարունակել են Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսով կապվելու փորձերը, ժամանակ առ ժամանակ հաջողվել է խոսել Ալեքսան Հարությունյանի հետ:
- Զանգել են շտապօգնություն, որպեսզի գան վիրավորներին տանեն։
- Պատգամավորների հետ կազմակերպվել է նրանց դուրսբերումը:
- Ավելի ուշ կազմակերպվել է զոհերի դուրսբերումը:
- Ինչ-որ մեկն ասել է, թե դահլիճում է գտնվում ՆԳԱԱ նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը։ Նաիրին և խմբի մյուս անդամները դիմել են Գրիգորյանին, որը պատրաստակամություն է հայտնել նախ կազմակերպել, որ դռների մոտ դրսում զինված մարդիկ չգան, և հետո՝ կապվել նախագահի հետ և կազմակերպել հանդիպում վերջինիս կամ նրա ներկայացուցչի հետ:
- Գրիգորյանը կազմակերպել է հանդիպում նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ:
- Նաիրի Հունանյանն ու Ալեքսան Հարությունյանը հանդիպել են դահլիճի դիմացի միջանցքում: Նաիրին խնդրել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցնի ուղիղ եթերով հայտարարություն անելու հարցը և երաշխավորի հանցախմբի անդամների անվտանգությունը՝ զենքերը հանձնելուց հետո:
- Հարությունյանը խոստացել է նախագահին փոխանցել Նաիրիի ասածները և ավելի ուշ ասել, որ հեռուստատեսության հարցը կարող է լուծվել միայն առավոտյան:
- Բոլորն սպասել են լուսաբացին: Բժիշկներ են եկել, դեղեր բերել, օգնություն ցույց տվել որոշներին:
- Դահլիճից հնարավորություն են ստացել հեռանալ բոլոր նրանք, որոնք իրենց լավ չեն զգացել:
- ՆԳԱԱ նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը քննիչների մի խումբ է ուղարկել զննություն կատարելու՝ քննիչ Գևորգ Թովմասյանի ղեկավարությամբ:
- Եկած քննիչներն ազատորեն զբաղվել են իրենց աշխատանքով: Վերևից հավաքել են 10 պարկուճ, դահլիճի մնացած մասերից՝ 28: Իրենց աշխատանքը ավարտելով՝ նրանք գնացել են:
- Աժ է եկել նաև ազգային հեռուստատեսությունից լրագրող Տիգրան Նազարյանը, որը ՆԳԱԱ նախարարի տեղակալին օգնում էր նախագահի ներկայացուցչի հետ Նաիրիի և խմբի մյուս անդամների հանդիպումները կազմակերպելուն և հեռախոսային կապ էր փորձում ստեղծել:
- Լուսադեմին Գրիգորի Գրիգորյանը կազմակերպում է հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. ներկա էր նաև նրա աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը:
- Նաիրին Քոչարյանին ասել է, որ նրանք որևէ մեկին սպանելու մտադրություն չեն ունեցել, և այն, ինչ տեղի է ունեցել, ստրեսի, սկսված փոխհրաձգության և, որպես դրանց հետևանք, ինքնատիրապետումը կորցնելու և քաոսային կրակոցներ արձակելու արդյունք է:
- Նաիրի Հունանյանը որևէ պահանջ չի առաջադրել, միայն խնդրել է, որ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն տա իրեն՝ ուղիղ եթերով հանդես գալ հայտարարությամբ, նաև՝ երաշխավորի իրենց անվտանգությունը զենքերը հանձնելուց հետո:
- Այս երկու հարցի շուրջ համաձայնության գալուց հետո Գրիգորի Գրիգորյանի ուղեկցությամբ Նաիրի Հունանյանը դահլիճ է վերադարձել, որից հետո Գրիգորյանը կազմակերպել է խորհրդարանի դահլիճ հեռուստացույց բերելը:
- Առավոտյան, հավանաբար ժ․ 9։00-10։00-ի սահմանում, ազգային հեռուստատեսությամբ հանցախումբը և դահլիճում եղողները հեռուստատեսությամբ լսել են հայտարարությունները։
- Տեղի է ունեցել զենքերի հանձնումը քննիչ Գևորգ Թովմասյանին։
- Նաիրի Հունանյանը և հանցախմբի մյուս անդամները, մի խումբ պատգամավորների ու Գրիգորի Գրիգորյանի հետ դուրս են եկել դահլիճից և միջանցքով՝ ճաշարանի մոտով իջել են։
- Դուրս գալով՝ նստել են «Իկարուս» մակնիշի ավտոբուսը և ուղևորվել ՆԳԱԱ նախարարության շենք և տեղավորել մեկուսարանում:
Պատրաստեց Հայկ Մագոյանը