Հասարակություն

Ու՞մ է հանդիպել Նաիրի Հունանյանը «Հոկտեմբերի 27-ին» նախորդած շրջանում (ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Radar Armenia-ն սկսում է նոր շարք՝ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների հիման վրա ներկայացնելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը նախորդած և հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը։

«Հոկտեմբերի 27»-ին նախորդած օրերին ում է հանդիպել Նաիրի Հունանյանը՝ բաց աղբյուրներում հրապարակված ցուցմունքների հիման վրա։ 

Եվ այսպես․

  • 1999թ. գարնանը Նաիրի Հունանյանը հանդիպել է ԱԺ նախկին պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին՝ նույն ինքը Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբորը։ Այն ժամանակ Մովսիսյանը դեռ Այգեկ գյուղի գյուղապետն էր և ընդհանուր քաղաքականության մասին խոսակցության ժամանակ Նաիրի Հունանյանին ասել էր, որ «բոլոր զարգացումներին խանգարում է Վազգեն Սարգսյանը, մինչև Վազգենին չսպանենք, էս երկրում բան դուրս չի գա»։ Դրանից հետո էր, որ Մովսիսյանը 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում դարձավ պատգամավոր։
  • Այս հանդիպումից երկու շաբաթ անց Նաիրի Հունանյանը և Մուշեղ Մովսիսյանը կրկին հանդիպել են։ Նաիրիի հետ է եղել են նաև եղբայրը՝ Կարեն Հունանյանն ու հանցավոր խմբավորման անդամ Էդիկ Գրիգորյանը։
  • Էդիկ Գրիգորյանը և Նաիրի Հունանյանը Այգեկ գյուղում 1999թ․ մայիսի 20-ի կողմերը կրկին հանդիպել են Մուշեղ Մովսիսյանին։
  • 1999թ. հունիսի 20-ից առաջ Նաիրի Հունանյանը և Մուշեղ Մովսիսյանը հանդիպել են ԱԺ-ում, երբ վերջինս պատգամավոր էր դարձել։
  • ԱԺ պատգամավորների արձակուրդների ընթացքում Նաիրի Հունանյանը և Մուշեղ Մովսիսյանը մեկ-երկու անգամ հանդիպել են «Առագաստ» սրճարանի մոտ։
  • 1999թ. սեպտեմբերի սկզբին, երբ Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները, Նաիրին գնացել է ԱԺ՝ «ընդհանուր նորություններին ծանոթանալու», նաև՝ որպեսզի Շմայսի եղբորից՝ Մուշեղից հարցնի Սամվել Բաբայանի հետ կապված ղարաբաղյան ճգնաժամի մասին:
  • 1999թ. սեպտեմբերին Նաիրի Հունանյանը և Մուշեղ Մովսիսյանը երկրորդ անգամ են հանդիպում՝ էլի ԱԺ-ում։ Նաիրիի հետ այդ ժամանակ եղել է նաև Էդիկ Գրիգորյանը: Այս հանդիպման ժամանակ Մուշեղ Մովսիսյանը Նաիրի Հունանյանին զենքերի համար էր հարցրել։ Դրանից հետո Հունանյանը սկսել է իր ծանոթներից հետաքրքրվել՝ ինչպես զենք ճարել, նաև Աշոտ Կնյազյանին է հարցրել, երբ ինքն ու Էդիկ Գրիգորյանը գնացել էինք Աշոտենց տուն։
  • Հոկտեմբերի 13-ին պետք է ԱԺ մտնեին, բայց Մուշեղ Մովսիսյանի հետ խոսակցությունից հետո Նաիրի Հունանյանը Էդիկ Գրիգորյանի և եղբոր՝ Կարեն Հունանյանի հետ գնացել էին Վերին Գետաշեն՝ քեռուն՝ Վռամ Գալստյանին տեսնելու։ Մեկ օր մնացել են գյուղում, ապա վերադարձել Երևան: Այդ օրը ԱԺ չեն գնացել, քանի որ չեն գտել Հունանյանի քեռուն, նաև այն պատճառով, որ Նաիրի Հունանյանն էլ հոգեբանորեն պատրաստ չէր։
  • Արդեն հոկտեմբերի 25-ին Նաիրի Հունանյանը միայնակ գնացել է ԱԺ, որի համար անցագիր է իջեցրել Տիգրան Նազարյանը։ ԱԺ-ում Հունանյանը հանդիպել է Մուշեղ Մովսիսյանին և ասել, որ ամեն ինչ պատրաստ է հոկտեմբերի 27-ին։

«Ես նշեցի, որ երբ Մուշեղը ինձ զենքերի համար էր հարցրել մեր առաջին կամ երկրորդ հանդիպման ժամանակ՝ ԱԺ շենքում, դրանից հետո ես սկսել էի իմ ծանոթներից հետաքրքրվել զենքեր ճարելու համար: Այս մասին հարցրել եմ նաև Աշոտ Կնյազյանին, երբ ես, Էդիկը գնացել էինք Աշոտենց տուն»,- ասել է նա ցուցմունքում։

  • Այդ խոսակցությունից 1-2 օր անց Աշոտ Կնյազյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին։ Կնյազյանը ևս անցնում է «27»-ի գործով։
  • Հոկտեմբերի 7-8-ին 200 դոլար են տվել Աշոտ Կնյազյանին։ Գումարը վերցնելուց հետո՝ նույն օրը, Աշոտ Կնյազյանը Նաիրի Հունանյանի տուն է բերել 3 ինքնաձիգ՝ պարկի մեջ փաթաթած: Նաիրի Հունանյանի խոսքով՝ Էդիկ Գրիգորյանը իջել և մեքենայի միջից զենքերը բարձրացրել է տուն։
  • Նաիրի Հունանյանը Դերենիկ Բեջանյանին հանդիպել էր մինչ այդ՝ Աշոտ Կնյազյանի տանը, երբ Էդիկ Գրիգորյանի հետ գնացել էին մեքենայի հետ կապված հարցով: Դերենիկ Բեջանյանի հետ 30 րոպե խոսակցությունից Նաիրի Հունանյանը հասկացել է, որ նա դժգոհ է և նույնպես ցանկանում է, որ իշխանությունները փոխվի, 
  • Հոկտեմբերի 25-ի առավոտյան Նաիրի Հունանյանը բակում տեսել է Աշոտ Կնյազյանին և խնդրել, որ երեկոյան Դերենիկ Բեջանյանի հետ գան իրենց  տուն։ Հանդիպումը, սակայն, չի կայացել։
  • Հոկտեմբերի 26-ին երեկոյան՝ ժամը 20։00-ի սահմաններում, Աշոտ Կնյազյանը և Դերենիկ Բեջանյանը գնացել են Նաիրի Հունանյանի տուն։ Այնտեղ է եղել նաև Էդիկ Գրիգորյանը։ Տանն են եղել նաև եղբայրը՝ Կարենը, քեռին՝ Վռամ.Գալստյանը։
  • Նաիրի Հունանյանն ու Դերենիկ Բեջանյանը առանձնացել են պատշգամբում։ Նաիրի Հունանյանն ասել , որ իշխանափոխության հարց կա. «Հարցրեցի՝ դու պատրա՞ստ ես դրան։ Դերոն ասաց՝ իմ համար 1 ժամը բավական է պատրաստվելու համար: Նրա այս վճռականությունը ինձ ինչ-որ տեղ զարմացրեց, որը կամ շատ դժգոհության արդյունք էր, կամ էլ ինչ–որ կասկածելի էր, և դրա համար էլ մանրամասները չպատմեցի, պայմանավորվեցինք, որ կհանդիպենք մյուս օրը՝ Երևանյան լճի մոտ գտնվող փողոցի վրա, շինանյութ վաճառող մեքենաների մոտ, ժ.13.00: Ես ասացի, որ կարող է էլի զենք ճարել, նա ասաց, որ մինչ այդ ժամը կպարզի»։
  • Հոկտեմբերի 27-ին Էդիկ Գալստյանը մինչև ժ.13.00 գնացել էր Նաիրի Հունանյանի տուն։ «Կարծեմ՝ դեռ երեկոյան ես Էդիկ Գրիգորյանին ասացի, որ մյուս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժ.13.00 պայմանավորվել եմ Դերոյի հետ, և արդեն առավոտյան, երբ Էդիկը եկավ մեր տուն, ասացի, որ ինքը գնա և տեսնի Դերոյին, և պայմանավորվեն՝ ժ.16։00-ի կողմերը արդեն Բանգլադեշում հանդիպելու մասին»։
  • Հոկտեմբերի 27-ին, ժամը 16։00, Նաիրի Հունանյանը, եղբայրը՝ Կարեն Հունանյանը, քեռին՝ Վռամ Գալստյանը և Էդիկ Գրիգորյանը իջել են՝ տնից վերցնելով 3 ինքնաձիգը, որոնցից երկուսի խզակոթերը՝ կտրած։
  • Դերենիկ Բեջանյանը եկել է «ՌԱՖ» մեքենայով։ Էդիկ Գրիգորյանը մոտեցել է նրանց, որից հետո նստել է մեքենայի ղեկին: Դրանից հետո շարժվել են Ազգային ժողով, իսկ «ՌԱՖ» ավտոմեքենան՝ նրանց ետևից:
  • Հոկտեմբերի 27-ին, ժամը, հավանաբար, 16.30-ից քիչ անց Էդիկ Գրիգորյանի ավտոմեքենան կանգ է առել Ազգային ժողովի անցագրային բաժնի դիմաց, որից քիչ անց կանգնել է նաև մեքենան, որի մեջ էր Դերենիկ Բեջանյանը.

«Այնուհետև մտել եմ անցագրային, վերցրել անցագրերը, որից հետո դուրս եմ եկել, մոտեցել եմ մեքենային, վերցրել զենքերը, և մտել ենք Բաղրամյան փողոցի դարպասից ներս՝ ես, Կարենը և Վռամը, անցագրերը տալով դարպասի մուտքի մոտի անցակետում նստած ոստիկանին: Այնուհետև մտել ենք շենք, ես մի պահ մտել եմ երկրորդ հարկի ձախ կողմի անկյունում գտնվող զուգարանը՝ ջուր խմելու, որովհետև շրթունքներս խիստ չորացել էին: Ապա միջանցքով շարժվել ենք մինչև դահլիճի դիմացի մեծ միջանցքից իջնող աստիճանների մոտ, որտեղից երևաց, որ մեծ միջանցքում ոչ ոք չկա, և նույնիսկ՝ թիկնապահը, որը միշտ լինում էր այնտեղ հենց աստիճանների վերևի անկյունում նստած: Այնուհետև, մագազինները հագցնելով ինքնաձիգների վրա, որոնք դրված էին մենահատ ռեժիմի վրա, նախագահության կողմից հաշված առաջին դռնից մտել ենք ներս»,- ցուցմունքում գրել է Նաիրի Հունանյանը։

Պատրաստեց Հայկ Մագոյանը