Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները հնարավոր կլինի ներդնել

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը հասնում է 525 հազարի, առանց կրկնահաշվարկի՝ 460 հազարի. այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մեղմել ֆոնդերի ներդրումային սահմանափակումները՝ ընդլայնելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների հնարավորությունները: Մասնավորապես՝ բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը 25%-ից կհասնի 35%-ի՝ ապահովելով տարեկան լրացուցիչ 0.7% եկամտաբերություն։

Նախագծով կստեղծվեն նոր ներդրումային ֆոնդեր՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը, հնարավոր կդառնա ուղիղ ներդրումներ կատարել ենթակառուցվածքային նախագծերում։ Բացի այդ, տեղեկատվությունը կտրամադրվի միայն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով ծախսերը։

Նա նաև հայտնել է, որ կուտակային ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է՝

  • 2023թ.՝ 15.3%
  • 2024թ. սկզբից՝ 9.4%
  • Ստեղծման պահից՝ մոտ 8%։

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով՝ ԿԲ-ն տարեկան առնվազն մեկ անգամ զեկույց կներկայացնի ֆոնդերի գործունեության վերաբերյալ: