Հասարակություն

Ավտովթար՝ Արարատի մարզում. «Opel»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Դիմիտրով գյուղի տանող հատվածում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վերջինները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ էր գնել։

Բախման հետևանքով «Toyota»-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել գազատար խողովակի տակ։