Հասարակություն

Խոշոր ավտովթար․ բախվել են Ֆրանսիայի դեսպանատան «Volkswagen»-ը, «Lexus»-ը և «ГАЗель»-ը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Tiguan», «Lexus» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին դեսպանատան աշխատակից է։