Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, դասարանը կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը։ Գեներալ-մայորն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
«Հայրենիքի նկատմամբ սերն ու անդավաճան նվիրվածությունն առաջնային պետք է լինի բոլորիս համար, մենք պետք է անենք հնարավորը` մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, հող հայրենիի հանդեպ նվիրում սերմանելու համար։ Այս դասասենյակի բացումն ինքնին այդ քայլերից մեկն է, քանզի մեր դպրոցականներն ավելին կիմանան իրենց հայրենասեր հայրենակցի, կենդանի հերոսի մասին, ում կարող են ընդօրինակել, ումից կարող են սովորել ու գնալ նրա ճանապարհով»,- նշել է Շիրակի մարզպետը` նոր ձեռքբերումներ, խաղաղ երկրում աշխատելու և հայկական բանակը զարգացնելու հնարավորություն է մաղթել միջոցառմանը ներկա Սմբատ Գրիգորյանին։
Գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել մաղթանքների ու նման նախաձեռնության համար` ընդգծելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է, իսկ հայրենիքի հանդեպ սերն իր համար միշտ անխախտ առաջին տեղում է մնալու։