Հասարակություն

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի էլ մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Միսակյանն ու Հայկ Մկրտչյանը:  

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «BMW X6»-ի վարորդ Ն. Դավթյանը եղել է ոչ սթափ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: