Հասարակություն

«Այս համագործակցությունը նրանց համար է, ովքեր ունեն գաղափարներ, չունեն միջոցներ»․ Պապոյան

Նոյեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է DFC-ի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում։ 

«Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգություն և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։