Հասարակություն

Ճանապարհների հիմնանորոգման համար 2.8 մլրդ դրամ է հատկացվել

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։

Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 6.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին և քննադատել նման երևույթներն անտարբերության մատնելու դեպքերը:

Վարչապետը կարևորել է դրանց կանխելու անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ եղել են դեպքեր, երբ այցերի ընթացքում պարզվել է, որ, օրինակ՝ քաղաքացին, նոր արված ասֆալտը քանդել է: Վարչապետն այդ երևույթները կանխելու գործում ընդգծել է համայնքների ու պարեկային ոստիկանության դերակատարությունը՝ ոստիկաններին հորդորելով չանտեսել նման դեպքերը, իսկ համայնքներին՝ վերահսկողություն իրականացնել իրենց տարածքներում։ 

«Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե նրանք տեսնում են, որ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է կանգնեն և հարցնեն՝ արդյոք ունե՞ն թույլտվություն։ Եթե չունեն, աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ համայնքները կամ տեսչական մարմինները՝ տեղյակ պահվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։