Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածներին տրամադրվել է 75.3 մլրդ դրամի աջակցություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս 13 ամիսների ընթացքում պետական բյուջեից ավելի քան 75 մլրդ 300 մլն դրամի աջակցություն ենք տրամադրել մեր աջակցության ծրագրերով. հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշել է, որ միջազգային գործընկերների կողմից ևս եղել է օգնություն, բայց թիվը մեծ չէ. «90 տոկոս և ավելին պետական բյուջեից է եղել»,- ասել է նա։

Կառավարությունը այսօր ևս տեղահանվածների վերաբերյալ աջակցության ծրագիր է ընդունել։ 2025թ. թվականի հունվարից մարտ ամիսների տրամադրվող սոցիալական աջակցությունը կվերաբերի կոնկրետ թիրախային խմբերին։ Մասնավորապես, 2025 հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։ Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։