ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։
Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը աջակցելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանջայ Սրիվաստավան կարևորել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջանքերն ուղղված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա խնդիրների կարգավորմանը, այնուհետև անդրադարձ կատարել ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին։
Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ մատնանշելով առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուժերի մոբիլիզացման, իրավիճակի փորձագիտական վերլուծության, տեղանքային քարտեզագրման և գույքագրված խնդիրների լուծման նպատակով Ծրագրի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերին։
Ներքին գործերի նախարարության անունից, որպես աջակցող կառույց, պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվորեն շարունակել։