ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերանորոգված ճանապարհները հետո քանդելու դեպքերին։ Փաշինյանը պատմել է, որ վերանորոգումից հետո ինքն այցելել է համայնքային կամ հանրապետական նշանակության ճանապարհներ՝ տեսնելու, թե դրանք ինչ վիճակում են։ «Ճանապարհները անցնում են բնակելի թաղամասերով, ռեստորանների մոտով։ Ճանապարհը շահագործման հանձնելուց հետո, ասենք՝ վեց ամիս, մեկ տարի հետո կարելի է գնալ և տեսնել այնտեղ ինչ-որ քանդած հատված, այսինքն՝ կիսած կամ ծածկած: Այս մարդիկ չգիտեմ ինչու որոշել են քանդել։ Հետաքրքրվել եմ՝ տրվել է քանդելու թույլտվություն, թե չէ։ Բայց ոչ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ պետությունը ճանապարհի վրա մեծ գումար է ծախսել։
«Կառուցում ենք փողոցը, կառուցում ենք մայթը, վերականգնում ենք՝ բառիս բուն իմաստով։ Ավերակ, էնտեղ ճանապարհ չկա։ Հետո գնում, ի՞նչ ենք տեսնում։ Տեսնում ենք՝ մեկը բերել մի ավտո ավազ է թափել մայթի վրա, էն մեկը քար է շարել մայթի վրա, էն երրորդը՝ ասֆալտի վրա բետոն է անում»,- ասել է նա՝ «Հասկանո՞ւմ եք՝ հետո այդ բետոնի մնացորդը մնում է ասֆալտի վրա, կեսը՝ մայթին, կեսը՝ ճանապարհի վրա, կեսը՝ գծանշման վրա։ Ու ոնց որ ոչ մի բան չի եղել, թողնում, գնում են իրենց գործերով»։ Ըստ նրա սա ապապետական մոտեցում է. «Որ այդտեղի պաշտոնյային հարցնում ես՝ ի՞նչ են անում, ճպճպացնում է, ասում է՝ իսկ ի՞նչ է, որ … մարդը ավազ է բերել, յոթ կռազ ավազ է թափել»։ Նա կարևորել է պարեկային ոստիկանության դերը այդ ամենի դեմն առնելու համար։
Նա նաև հիշել է. «Պապու «Գազ 157»-երից թեթև-թեթև պրծանք, երբ մայթով քայլում ես, կամ մարդ է՝ իր երեխայի հետ քայլում է, մանկական սայլակով քայլում է, ու կեսնես մի հատ, ասենք, 61թ․ արտադրության «Գազ 66»-ի «ռամա»՝ մայթի վրա։ Թե բա պապու «ռամա»-ն է։ Բա էս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարո՞ղ ա տանենք, ի՞նչ անենք։ Ամենայն հարգանքով, բայց տարեք՝ ձեր ննջարանում դրեք պապու հիշատակը, կախեք պատից։ Բա քաղաքացին մեղավո՞ր է, որ որ պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա։ Իսկ մենք մեր պապու «66-ի» «ռամա»-ն բերում, դնում ենք այստեղ։ Դե ասում ենք՝ պապինն է, գիտես մեր պապին։ Այ այդ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով, տարեք՝ ձեր տանը դրեք, բակ ունեք՝ դրեք բակում, բակ չունեք՝ դրեք տանը»։
Վարչապետը զգուշացրել է, որ նման դեպքերի ականատես լինելու դեպքում հետևություններ կարվեն, և եթե այս կապակցությամբ խնդրանքները տեղ չհասնեն, ապա հարկադրանքի միջոցներ կկիրառվեն։