Ժամանակավորապես՝ 6 ամսով կսահմանափակվի Հայաստան կենդանի խոզի ներմուծումը։
«Հայաստանի Հանրապետությունում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ տնտեսություններում կենտրոնացված է շուրջ 131 հազար գլուխ խոզ կամ հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որն առավելապես ստացվում է մինջև 90 կգ կենդանի զանգված ունեցող խոզերի սպանդից, երբ մսեղիքի զանգվածը կազմում է մինչև 50-60 կգ, իսկ առավել ճարպոտ միսը (երբ մսեղիքի զանգվածը գերազանցում է 60 կգ-ը) հիմնականում օգտագործվում է վերամշակման նպատակով (երշիկեղեն, խոզապուխտ և այլն)։
Հանրապետության սպառողների նախընտրած քիչ ճարպաշերտով մսի պահանջարկի գրեթե 50%-ը ապահովում են մեր տնտեսավարողները, իսկ մյուս կեսը լրացվում է ներկրման հաշվին, որը տարեկան կազմում է մինջև 90 կգ կենդանի զանգված ունեցող 40-45 հազար գլուխ խոզ։
Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։
Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզեր, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն կամ 56,3%-ով ավելի։
Ներկրման նման ծավալների պարագայում 2024 թվականին կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչը իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։ Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։
Ըստ հիմնավորումների, 2024թ․-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա էր շուրջ 187 հազար գլուխ խոզ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում էր 3,4%-ով։