Հասարակություն

Քրեական վարույթ՝ Երվանդ Քոչարի նկարների անհետացման հայտարարությունների առնչությամբ

Հայտնի նկարիչ Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը քննչական կոմիտե հաղորդում է տվել, որ 1987թ. Քոչարի թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023թ. դեկտեմբերին, մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ, տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը) հատկանիշներով, որով նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։

«Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ «Քոչար» մշակութային հիմնադրամը ևս հայտնել էր այս մասին։ Սակայն «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքել էր 7 գործի անհետանալու վերաբերյալ լուրը՝ հաղորդագրություն տարածելով. «Երվանդ Քոչարի թանգարանից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։

Հայկ Մագոյան