ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մասնակցել է Բրյուսելում անցկացվող Վերարտադրողական և սեռական իրավունքների եվրոպական խորհրդարանական ֆորումի խորհրդի նիստին։
«Սա Եվրոպայի տարբեր երկրների պատգամավորների ցանց է, որն ուղղված է վերարտադրողական և սեռական առողջության ու իրավունքների պաշտպանությանը և առաջխաղացմանը։ Այն աշխատում է առաջ մղել համապարփակ վերարտադրողական առողջապահության հասանելիությունը և վերացնել խտրականությունը և բռնությունը կանանց և այլ խոցելի խմբերի նկատմամբ։ Այն ներգրավում է պատգամավորներին քննարկումների մեջ, տրամադրում է հետազոտություններ և աջակցում է իրավապաշտպան նախաձեռնություններին՝ թե՛ Եվրոպայում և թե՛ միջազգային մակարդակով՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի լավ քաղաքականություններ, ավելացնել ֆինանսավորումը այդ խնդիրների լուծման համար և խթանել միջազգային համագործակցությունը առողջապահության և զարգացման ոլորտում։
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվեց կազմակերպության իրականացրած աշխատանքը վերջին երկու տարիների ընթացքում, ինչպես նաև ներկայացվեցին ապագա պլանները:
Կազմակերպության խորհրդի անդամների որոշմամբ ընտրվեցի նույն կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ, որը կազմված է 11 խորհրդարանականներից Եվրոպայից և իրականացնում է կազմակերպության ռազմավարական ղեկավարումը գործադիր կոմիտեի նախագահի առաջնորդությամբ»,- հայտնել է Թորոսյանը: