Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ բացառիկ ուշադրության, համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցության համար։
Դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ շեշտել է Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Հայաստանին աջակցող բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար դժվարին շրջանում քաղաքապետի՝ Հայաստան կատարած այցերը, Փարիզում Հայաստանի Էսպլանադի բացումը և բազմաթիվ այլ նախաձեռնություններ։
Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի վարչապետ Դիդիե Գիյոմի, արտաքին գործերի նախարար Իզաբել Բերրո-Ամադեի, պետքարտուղար Իվետ Լամբետ Բերտիի, Արքայազն Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Քրիստոֆ Ստայների հետ։
Հանդիպումների ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտիքի խոսքեր է հղել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող միջազգային գործընթացներին:
Նոյեմբերի 18-ից 19-ը Մոնակոյի Իշխանապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում դեսպանը նաև կարճատև առանձնազրույց է ունեցել Մոնակոյի Արքայազն Ալբեր Երկրորդի հետ և խորին երախտագիտություն հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող հարցերի նկատմամբ վերջինիս ուշադրության ու բարեկամության համար: